Փլուզված պետության հերոսները
Ուշադրություն
դիտումներ` 1737
լեզու: 

Խորհրդային միության ստեղծումից 16 տարի անց` 1938 թվականին, կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի եւ Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց «Սոցիալիստական աշխատանքի հերոս» պետական պարգեւը:  Մեկ տարի անց, պարգեւն առաջին անգամ ստացավ հենց ինքը` Ստալինը: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվում էր տարբեր`գյուղատնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում աչքի ընկած անձանց` իրենց ձեռքբերումների եւ անձնուրաց աշխատանքի համար: 

 

Խորհրդային միության գոյության տարիներին Հայաստանում այդ կոչումը ստացել է 200-ից ավելի մարդ: Այսօր նրանցից ոմանք դեռ ապրում են մեր կողքին` անուշադրության մատնված եւ մոռացված պետության կողմից:



 

Ծաղկանուշ Գալեմտերյան, ջուլհակուհի, 79 տարեկան

Սոցիալիստական աշխատանքի հերոսներից Ծաղկանուշ Գալեմտերյանը մի քանի տասնամյակ շարունակ աշխատել է Երեւանի ամենամեծ արտադրական ձեռնարկություններից մեկում` Մետաքսի կոմբինատում: Հազարավոր աշխատակիցներից հենց նրան նկատեցին ու 1966-ի աշխատանքային մի օր հայտնեցին հերոսի կոչումը ստանալու լուրը:

« Չէի սպասում այդ լուրին, մինչ այդ ոչ մի պարգեւի չէի արժանացել, բայց ամենալավ աշխատողներից էի: Ժամանակ էր լինում` երկու հերթափոխով էի աշխատում: Հերոսի կոչումը ստանալուց հետո կյանքս կտրուկ փոխվեց: Բոլորի ուշադրության կենտրոնում էի կոմբինատում, ավելի պարտավորեցնող էր պարգեւը, ու ձգտում էի միշտ լավագույնը լինել: Արտահերթ բնակարան ստացա, այլ արտոնություներ եւս եղան: Այսօր միայն ծերության թոշակ եմ ստանում, կամ մեր մասին մոռացել են, կամ էլ հիշում են, բայց վերեւներին հետաքրքիր չենք»,-պատմում է Ծաղկանուշ Գալեմտերյանը:

Ամուսնու մահից հետո արդեն 22 տարի հերոսը մենակ է ապրում, երեխաներ չունի, հարազատներից շատերն էլ արտերկրում են: Հարեւաններն են ամեն օր այցելության գալիս նրան ու օգնության ձեռք մեկնում պետք եղած ժամանակ:

Ծաղկանուշ Գալեմտերյանը Կրեմլում (երկրորդ շարք, աջից չորրորդը):
Սոցիալիստական աշխատանքի հերոսի վկայականը:
Ծաղկանուշ Գալեմտերյանը աշխատանք պահին:

Գեղեցիկ Կարապետյան, հողագործ, 69 տարեկան

Նալբանդյան գյուղի կոլեկտիվ տնտեսությունը խորհրդային տարիներին մեկը մյուսի հետեւից ռեկորդներ էր գրանցում բերքի հավաքման ժամանակ: Օղակավար Գեղեցիկ Կարապետյանը այդ տարիներին գյուղի հպարտությունն էր, մարզային ու հանրապետական թերթերի առաջին էջերի հերոսը: Մինչեւ այսօր էլ գյուղում պատկառանքով են վերաբերվում նրան, շրջանում անգամ նրա անունով սովետական տարիներին կառուցված կամուրջ կա:

«Ոչ մի բանից չեմ բողոքում, արդար աշխատանքը միշտ էլ պահել է գյուղացուն: Բայց էն ժամանակվա գյուղացին ուրիշ էր, հարգանք ու պատիվ ուներ: Ժողովրդական պատգամավոր էի, տարին երկու անգամ Մոսկվա էինք գնում` նիստերի: Սովետում գյուղացին, հողագործը կշիռ ու խոսքի իրավունք ուներ, հիմա ամեն-ինչ կորել է»,-պատմում է Գեղեցիկ Կարապետյանը եւ ցույց տալիս հին ու երիտասարդ ժամանակների մասին պատմող միակ վկայությունները` լուսանկարները:

Գեղեցիկ Կարապետյանը (ձախից առաջինը):
Գեղեցիկ Կարապետյանը Կրեմլում (ձախից երկրորդը):
Ձմերուկի բերքահավաքի ժամանակ (աջից առաջինը):
Գեղեցիկ Կարապետյանն իր բնակարանում:

Անահիտ Բաղդասարյան, խաղողագործ, 76 տարեկան

Անահիտ Բաղդասարյանը չի սիրում շատ խոսել իր պարգեւների ու հերոսի կոչման մասին: Աղջիկներին ամուսնացնելուց հետո միայնակ է ապրում Մխչյան գյուղում գտնվող տանը:  Միակ եկամուտը թոշակն է` 42.000 դրամ ( 90 դոլար), որով օրվա մանր մունր ծախսերն է հոգում ու կոմունալների մի մասը վճարում:

«Հերոսի կոչումը այն ժամանակ ամենբարձր կետն էր, որին կարող էր հասնել հասարակ գյուղացին: Ես դրան հասա 40 տարեկանից հետո, դժվարությամբ, բայց հասա: Դաշտում աշխատում էի, երբ թերթի այդ օրվա համարը բերեցին ու ցույց տվեցին անունս պարգեւատրվածների շարքում: Մի քանի տարի լրագրողները հանգիստ չէին թողնում ինձ, գալիս էին գրեթե ամեն օր, բայց դա ինձ չգոռոզացրեց: Մենակ ապրող մարդու համար դժվար է ամեն օր հիշել այդ փառքը, միեւնույն ժամանակ հաճելի ու ծանր զգացողություններ են այն համատարած մոռացության ֆոնին, որ ներկայիս իշխանավորները ունեն մեր հանդեպ: Ժամանակին տնտեսություն ենք կառուցել, որի պտուղները մինչեւ այսօր քաղում են: Բայց դրան ի պատասխան ոչինչ չենք ստանում, բժշկի գնալու համար էստեղից էնտեղից ենք փող գտնում, մինչեւ սեղանին մի բան չդնես, հարցդ չեն լուծի: Հազար ու մի դուռ եմ ծեծել, բայց ապարդյուն: Հարցեր են, որոնց պատասխանները փնտրում ես` չես գտնում»,- ասում է սոցիալիստական աշխատանքի հերոսը:

Անահիտ Բաղդասարյանին շնորհավորում են հերոսի կոչում ստանալու կապակցությամբ (կենտրոնում):
Դաշտում աշխատելիս:
Անահիտ Բաղդասարյանը հայ պատգամավորների հետ ( շարք չորրորդ, աջից առաջինը):
Անահիտ Բաղդասարյանը ( աջից առաջինը):
Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ